Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Մարդասիրությունը հատուկ է ազնիվ և բարի հոգիներին…

Մարդասիրությունը հատուկ է ազնիվ և բարի հոգիներին…

Նպատակասլաց, պարկեշտ, անձնուրաց, բարի… Այս և բազում այլ գովասանքի խոսքերով կարելի է բնութագրել մեր սիրելի ընկերոջը, ողջ կյանքում իր մասնագիտության և կոչման անմնացորդ նվիրյալ բժիշկ Վարդան Աբովյանին:

 

Վարդան Աբովյան մարդ, ում ի վերուստ շնորհվել է լինել զարգացած և կրթված ստեղծագործող ու հմայիչ անհատականություն` օժտված նախանձելի աշխատասիրությամբ և սկզբունքայնությամբ, ազնվությամբ և պարկեշտությամբ, մտքի ճկունությամբ և նպատակասլացությամբ: Մարդ` ում բնորոշ են հավասարակշռությունը, զսպվածությունը: Մարդ` ով ապրում է շիտակ և անաղմուկ, ունի իր ճշմարտությունները և արժեքային համակարգը, ով քաջ գիտի իր խոսքի արժեքը և չի հանդուրժում գործի նկատմամբ սիրողակ վերաբերմունքը: Վարդան Աբովյանին ճանաչողները կհամաձայնեն, որ նա հստակ տիրապետում է ապրելու յուրօրինակ արվեստին` ապրում կանոնակարգված, իր շուրջը սփռում սեր, հավատ, բարություն, ներդաշնակություն: Ամեն վայրկյան ապրում է չդավաճանելով իր իսկ ստեղծած կյանքի բանաձևին. «Մեզանից յուրաքանչյուրը գալիս է ու իր գիծն է գծում: Անհնարին է լինել մի քիչ նկարիչ, մի քիչ գիտնական, մի քիչ դարբին և էլի շատ «մի քիչ-ներ», ի վերջո ստացվում է ոչինչ: Յուրաքանչյուր գիծ հետագիծ է դառնում, երբ ոչ թե գրավում ես ուրիշի տեղը կամ փոխարինում մեկին, այլ երբ գտնում ես քո տեղը ու հասկանում քո դերը »:

 

Վարդան Աբովյան բժիշկ, ում ամբողջ գիտակցական կյանքում ուղեկցում է հումանիզմը, մարդուն օգնության հասնելու և կարեկցելու շնորհը: Բժիշկ կոչումով և մասնագիտական բարձր ունակություններով, ով վայելում է պացիենտների սերն ու հարգանքը: Մասնագիտությամբ լինելով անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, մեծ ճանաչում ունի թե’ Լոռու մարզում, թե’ մարզից դուրս, աշխատել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցում, զինվորական հոսպիտալում, այնուհետև ծննդատանը, որտեղ հիմնել է անզգայացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը: Որքա~ն կյանքեր, ճակատագրեր է փրկել, օգնել մարդկանց ոչ միայն բարձր մասնագիտական ունակություններով, այլև կարեկցանքով, բարությամբ ու ժպիտ պարգևող հումորով: Լինելով բնավորությամբ պրպտող, բժիշկ Վ.Աբովյանը չէր կարող հեռու մնալ առողջապահության ոլորտի բարեփոխումների գործընթացից` 2001թ.-ից ակտիվորեն ներգրավվեց այդ աշխատանքներում որպես բժիշկ-փորձագետ և իր համեստ ներդրումն ունեցավ մեր երկրում առողջության առաջնային պահմանման համակարգի զարգացման և կայացման գործընթացում: Իսկ այնուհետև` 2005-ից, ղեկավարեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Լոռու նորաստեղծ տարածքային կենտրոնը և մինչ օրս էլ, շարունակում է իր ներդրումն ունենալ արդեն հարազատ դարձած Առողջապահության ազգային ինստիտուտում: 

 

Վարդան Աբովյան գիտնական և մանկավարժ, ում համար բժշկագիտությունն արվեստ է` ստեղծագործելու, հետազոտելու և փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու անսահման հնարավորություններով: Դեռևս երիտասարդ տարիներից, գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, ձգտել է նոր խոսք ասել և սեփական ձեռագիրը թողնել բժշկագիտության ոլորտում: Մշտապես ապրելով փոքրիկ Վանաձորում, զգում է արդի առողջապահության զարկերակը, փնտրում ոլորտի զարգացման նոր ուղիներ: Շարունակ ուսումնասիրում է տարբեր երկրներում առողջապահության համակարգի առանձնահատկությունները, վերլուծում բժշկագիտության ապագա զարգացումները, մարդու առողջության վրա միջավայրի, վնասակար գործոնների ազդեցությունը և դրանց հետևանքները: Այս պրպտումների տրամաբանական արդյունքը բժիշկ Վ.Աբովյանի կողմից փայլուն պաշտպանած ատենախոսությունն է «Հիմնական խրոնիկական ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների առանձնահատկությունները Լոռու մարզում» թեմայով, որը գնահատվեց ըստ արժանվույն և նրան շնորհվեց բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Պետական աշխատանքին զուգահեռ նաև զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ` մեծ սիրով փոխանցում երիտասարդներին ոչ միայն բժշկագիտության հիմունքները, այլև արժանապատիվ ապրելու կյանքի գաղտնիքները: Վարդան Աբովյանը 20-ից ավելի գիտական, հրապարակախոսական հոդվածների և հանրամատչելի ձեռնարկների հեղինակ է:

 

Վարդան Աբովյան հայր, ում սերը և նվիրումը զավակների հանդեպ անսահման է: Նրա կյանքի կարևորագույն իմաստը պարուրված է բարեկիրթ, տաղանդաշատ զավակների մեջ: Հայր, ում ապրած կյանքը, իր իսկ խոսքերով զավակապաշտությունն է, ծնողամեծարությունը և ընտանիքասիրությունը: Հայր, ով առաջնորդվում է գեներով եկած արժեքներով և ապրած կյանքը յուրովի իմաստավորելով:

 

Վարդան Աբովյան ընկեր, ով մեծ պատասխանատվությամբ է վերաբերում իր ընկերներին, ցանկացած պահի` գիշեր, թե ցերեկ օգնության է հասնում յուրաքանչյուրին, ով իր կարիքն ունի: Իսկ նրա կարիքն ունեն շատերը` շնորհիվ իր մարդկային հատկանիշների, խոհեմության, շուրջը համախմբելու և նվիրվելու անկրկնելի ունակությունների: 

 

Վարդան Աբովյան հայրենասեր, ում երազանքն է տեսնել իր հայրենիքը զարգացած, ծաղկուն, ով ապրում է իր երկրում տեղի ունեցող իրադարձություններով և հաջողություններով, մտահոգվում ապագայով: Հայրենասեր այր, ով գիտակցում է, որ Հայրենիքը միակն է, այն չեն ընտրում և փնրում, այլ սատարում են, փայփայում և սիրում: Եվ պատահական չէ, որ վերջերս նա պարգևատրվեց է ՀՀ Պաշտպանության նախարարության «ՀՀ զինված ուժեր - 20 տարի» հոբելյանական մեդալով: 

 

Վարդան Աբովյան բանաստեղծ, ում զգայուն և նուրբ հոգու արտացոլանքը խտացված է նրա ստեղծագործություններում` «Խենթ օրերի հևքը» բանաստեղծությունների, «Արմենոս, չորրորդ անհարթություն» հեքիաթների ժողովածուներում: Նրա հեքիաթները, հեղինակի խոսքերով, մեր երազների թռիչքի թևերն են դառնում, օգնում են հաղթահարել առօրյա խնդիրներն ու դժվարությունները, և մեր մեջ ծլարձակում է հավատը արդարության ու բարության հաղթանակի նկատմամբ:

 

Անունն ու պատիվը չեն տրվում մարդուն այնպես, ինչպես պապերից ժառանգած հարստությունը, այն ձեռք են բերում ապրած կյանքով, անցած ճանապարհով: Մերօրյա իրականության մեջ իսկապես դժվար է այդպիսին մնալը, եթե նույնիսկ Արարիչը քեզ այդպիսինն է ստեղծել: Եվ ինչպես ինքն է ասում. 

 

...Ի վերջո վարկած է կյանքը,

Ու ամեն մեկս մեր իսկ վարկածի 

Տերն ենք ու վկան:

Հեղինակ. Սոնյա Առուշանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ